Համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Երեւանում կայացած ԱԳ, ՊՆ նախարարների և ԱԽ քարտուղարների խորհրդի համատեղ նիստի ժամանակ։
«Համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին։ Դրանք պատրաստվել են ՀԱՊԿ դիտորդական առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա»,- հանդիպման ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. «ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոն ստացած տեղեկատվությունը հաստատում է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում»,- ասել է Զասը։
Նա հիշեցրել է, որ այս տարվա մայիսին, սեպտեմբերին և հոկտեմբերին Հավաքական անվտանգության խորհրդի երեք արտահերթ նիստերը նվիրված են եղել Հայաստանի համար այս առնչությամբ ի հայտ եկող սպառնալիքների քննարկմանը։
Զասը նշել է, որ Հայաստանի կառավարության և այլ մասնակիցների ջանքերը՝ ուղղված խաղաղության համաձայնագրերին, սահմանների օրինականացմանը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դրական դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում։
Գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծել է, որ ռազմաքաղաքական իրավիճակի ներկա պայմաններում ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ուժեղացոմը հրատապ անհրաժեշտություն է։
ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի գլխավորությամբ, ուղարկվել է Հայաստան՝ համաձայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստի որոշման։ ՀԱՊԿ առաքելությանը վերապահվել են ՀՀ առանձին սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի մշտադիտարկումն ու ուսումնասիրությունը և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ մշակելու խնդիրները։ Առաքելության արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույց և իրավիճակի կարգավորման առաջարկներ։
Հոկտեմբերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Հայաստանի ակնկալիքները կազմակերպությունից։ Վարչապետն ընդգծեց սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ կազմակերպության հստակ քաղաքական գնահատականի անհրաժեշտությունը։ Փաշինյանը մատնանշեց Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հստակ ճանապարհային քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը։
Սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման նոր փուլ է տեղի ունեցել: Սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծել է Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները։ Հայկական կողմից զոհերի ու անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը: