Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի բացման ժամանակ իր ելույթում ասաց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային միության արձագանքի բացակայությունը համարում է Երևանի՝ որպես ՀԱՊԿ-ի համանախագահող երկրի գլխավոր ձախողումը։
«Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանին հետ չի պահել ագրեսիվ գործողություններից, մանավանդ, որ մինչ այսօր մենք, փաստորեն, չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի պատասխանի վերաբերյալ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիային։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս։ Ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն 3 անգամ ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային։
«Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սրման փաստերի մասին»,- հավելել է նա։
Միաժամանակ Փաշինյանը հիշեցրել է ՀԱՊԿ-ի գործողությունները Ղազախստանում այն բանից հետո, երբ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է կազմակերպությանը և կազմակերպության գործողություններն անվանել հաջողված։
«Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- ասել է Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի համակարգել «դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ լավ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»։
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր գործունեության ավարտի հետ կապված «բարեխիղճ աշխատանքի համար»։
Հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում բարձրաձայնել է Հայաստանի ակնկալիքները կազմակերպությունից։ Վարչապետն ընդգծել է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ կազմակերպության հստակ քաղաքական գնահատականի անհրաժեշտությունը։ Փաշինյանը մատնանշել է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հստակ ճանապարհային քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը։