«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին։
Փաշինյանն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ նախագիծը հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։
«Ցանկանում եմ պատասխանել այն մեկնաբանություններին, ըստ որոնց` Հայաստանը փորձում է ՀԱՊԿ երկրներին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Սա պարզապես շահարկում է, քանի որ Հայաստանը չի կարող շահագրգռված լինել պատերազմի մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ բավականաչափ տառապել է պատերազմներից, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ վերոնշյալ իրադարձությունների քաղաքական գնահատականն անհրաժեշտ է առաջին հերթին բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։
«Սա, իհարկե, կարևոր է նաև մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, սակայն այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն։ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին։
Հենց այդ պատճառով Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ»,- ասել է վարչապետը։
նա շեշտել է, որ նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։
«Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից «կանաչ լույս» Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»,- ասել է նա։
Ի՞նչ է ակնկալում Հայաստանը ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։
«Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»,- նշել է Փաշինյանը։