Մինչև 2028 թվականը մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացված հաշվետվության քննարկման ժամանակ զեկուցել են Նիկոլ Փաշինայնին։
Նրան ներկայացվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, որոնցով նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Դրա գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը:
Նշվել է նաև, որ նախատեսվում է մինչև 2026 թվականը մեր երկրի բնակավայրերի 80 տոկոսում ապահովել լայնաշերտ կապ և պետական թվային ծառայությունների հասանելիություն:
Վարչապետն ընդգծել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի, կապի, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետևողական ու շարունակական զարգացման ուղղությամբ կառավարության նպատակադրումը և նշել ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ առաջիկայում ներկայացնել այսօրվա խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ու հարցերի լուծման «ճանապարհային քարտեզ»՝ վերը նշված ուղղություններով առաջ շարժվելու և զարգացում ապահովելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԲՏԱ նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: