«Gallup international» ընկերությունը նոյեմբերի 2-12 ընկած ժամանակահատվածում հեռախոսազանգերի միջոցով 1100 մարդու շրջանում կատարել է հարցում: Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ստացված տվյալները:
Հարցվածները մեկնաբանել են Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան և գնահատել միջազգային հանրության արձագանքը, ներքաղաքական իրավիճակը և Ադրբեջանի հետ բանակցությունները Սոչիում և Պրահայում, խոսել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Ադրբեջանական ագրեսիան և միջազգային հանրության արձագանքը
Սեպտեմբերի 13-ին ադրբեջանկան ԶՈւ հարձակման հետևանքով Հայաստանն ունեցավ ավելի քան 200 մարդկային զոհ և 140 քառ/կմ տարածքի կորուստ: Հարցին, թե ինչպես պետք է արձագանքել ադրբեջաական ագրեսիային և հարձակումներին ՀՀ քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ՝
Հարցածների 59,4 տոկոսը կարծում է, որ պետք է զինվել ու արժանի հակահարած տալ ագրեսորին, 14,1 տոկոսը կարծում է, որ պետք է ակտիվացնել խաղաղության բանակցությունները, 10 տոկոսը գտնում է, որ պետք է դիմել Արևմուտքին՝ օգնություն ստանալու ակնկալիքով, իսկ 8,8 տոկոսը կարծում է, որ պետք է ապավինել Ռուսաստանի օգնությանը:
Ո՞ր երկրներից Հայաստանը կարող է ստանալ ռազմաքաղաքական օգնություն հարցին, քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ՝
Ռուսաստանի դեպքում 2021 թվականի մայիսի 38,30 տոկոս դրական պատասխանի դեմ այս տարվա նոյեմբերին ստացվել է 37 տոկոս դրական պատասխան: ԱՄՆ-ի ցուցանիշը անցած տարվա մայիսի 23,8 տոկոսի դեմ աճել ու դարձել է 32,5 տոկոս: Իրանի շուրջ կարծիքի փոփոխություն չկա, երկու տարիներին էլ 25,5 տոկոսն է մատնանշել երկիրը: Ֆրանսիայի ցուցանիշը 31,30-ից իջել է 24,2 տոկոսի:Հնդկաստանի ցուցանիշը չի փոխվել, երկու տարիների էլ եղել է 17,5 տոկոս: ՀԱՊԿ-ի ցուցանիշները միանգամից նվազել են. եթե անցած տարի ակնկալիքները կազմել են 7,2 տոկոս, ապա այժմ դրանք 0,2 տոկոս են:
Հարցին, թե ինչպես կգնահատեք հետևյալ երկրների և ինստիտուտների արձագանքը ադրբեջանական ագրեսիային, քաղաքացիները պատասխանել են այսպես՝
Եվրամիության արձագանքը միանշանակ դրական գնահատել է հարցվածների 11,9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 25 տոկոսը: Ամենաշատ բարձր դրական կարծիք ստացել է Ֆրանսիան՝ 40,3 տոկոս, իսկ ավելի շուտ դրական՝ 29 տոկոսը: Ամենացածր կարծիքը Թուրքիային է վերաբերում՝ 0, 7տոկոս: Հարցվածների 2 տոկոսը դրական է գնահատել Թուրքիային, 82 տոկոսը՝ բացասական, ավելի շուտ բացասական՝ 14 տոկոսը: Իրանին 34,8 տոկոսը միանշանակ դրական է գնահատել, 34 տոկոսը նշել է՝ ավելի շուտ դրական: Ռուսաստանի դեպքում՝ 10,4 տոկոսը համարել է դրական, ավելի շուտ դրական՝ 19 տոկոսը, իսկ ՀԱՊԿ-ի դեպքում 3,6 տոկոսն է գնահատել դրական, իսկ 8 տոկոսը՝ ավելի շուտ դրական:
Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը
Հարցին, թե ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյոք ՀՀ-ում անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քաղաքացիների 23,7 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ անհրաժեշտ են, 17,1 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ անհրաժեշտ են, ավելի շուտ անհրաժեշտ չեն պատասխանել է 16,5 տոկոսը, իսկ ընդհանրապես անհրաժեշտ չեն՝ 32,5 -ը:
Հարցին, թե առաջիկա կիրակի օրը ընտրություններ լինելու դեպքում ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք, քաղաքացիների մեծ մասը նշել է, որ ոչ մեկի չէր քվեարկի:
Միևնույն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կքվեարկեր հարցվածների 17,5, «Հայաստան» դաշինքին՝ 4,5, «Պատիվ ունեմ» դաշինքին 2,2, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,4, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 1,3, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 0,1 տոկոսը:
Արցախի և արցախահայության կարգավիճակ մասին
Հարցին, թե արդյո՞ք ձեզ համար ընդունելի է Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում, միանշանակ ընդունելի է համարել հարցվածների 2,4 տոկոսը (1,5 տոկոս-մայիս 2022), ավելի շուտ ընդունելի՝ 3,5 տոկոսը (2,9 տոկոս-մայիս 2022), ավելի շուտ ընդունելի չէ 9,3 տոկոսի համար ( 6,0 տոկոս-մայիս 2022), ընդհանրապես ընդունելի չէ՝ 80,4 տոկոսի համար (83,3 տոկոս-մայիս 2022), դժվարացել է պատասխանել 4,5 տոկոսը (6,4 տոկոս-մայիս 2022):
Հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները գնահատելիս քաղաքացների ձայները բաշխվել են այսպես՝
Սոչիի բանակցություններ՝ 9,5 տոկոս դրական, ավելի շուտ դրական՝ 22 տոկոս,
Պրահայի բանակցություններ՝ 11,8 տոկոս լիովին դրական:
Հարցին, թե ներքոշարադրյալներից ո՞րն է առավելագույնը լավ բնութագրում Արևմուտքի ցանկությունը՝ միջամտելու Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացին, ձայները բաշխվել են այսպես՝
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատել՝ 29,3 տոկոս, Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում մեծացնել՝ 23,3 տոկոս, հանել Ռուսաստանին տարածաշրջանից՝ 21,4 տոկոս, տարածաշրջանում նոր լարված իրավիճակի հրահրում՝ 6,5 տոկոս, 18,5 տոկոսը դժվարացել է պատասխանել: