Երբ քաղաքական ուժը որևէ ակտիվ գործունեություն չի իրականացնում, ապա այդ ուժի մեջ սկսում են ի հայտ գալ տեսանելի տարանջատման գործընթացներ: Մեկնաբանելով ընդդիմադիր մի շարք պատգամավորների՝ մանդատները վայր դնելու գործընթացը, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության գործունեության դադարեցումը, Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Քաղաքական ուժը, անկախ նրանից, թե ինչ բազայի վրա է ստեղծվում, պետք է անընդհատ աշխատի: Կլինեն հարցազրույցներ, կազմակերպչական աշխատանքներ, փողոցային պայքար: Քաղաքական ուժը պետք է գործուն մեխանիզմ լինի, որովհետև ցանկացած չաշխատող բան ժամանակի ընթացքում սկսում է ժանգոտել: Այս կանոնը նաև հասարակական կյանքին է վերաբերում: «Հայաստան» դաշինքի մեկնարկը 2021-ի խորհրդարանական ընտրություններին բավականին լավն էր, որից հետո, սակայն, ակտիվ գործունեություն չիրականացրեց: Միակը «Դիմադրության շարժումն» էր, որը հագեցած էր բազմաթիվ սխալներով: Շարժումն արդյունք չունեցավ ու գործունեությունը դադարեցվեց: Չգիտես ինչու քաղաքական ուժերին թվում է, թե գործունեություն իրականացնելը միայն հանրահավաք անել, փողոց դուրս, գոռալ է նշանակում, բայց բազմաթիվ այլ միջոցներ կան: Եթե դրանք չեն իրականացվում, կառույցը, բնականաբար, սկսում է ժանգոտել ու ներսից «փչանալ», ինչն արտահայտվում է նաև մանդատները վայր դնելու տեսքով»,- ասաց քաղտեխնոլոգը:
Նրա խոսքով՝ եթե կառույցը կտրուկ ու արմատական փոփոխություններ չի իրականացնում, նման գործընթացը շարունակվում է՝ հանգեցնելով տվյալ ուժի վարկանիշի էական անկմանը: Քաղտեխնոլոգը համոզված է, որ գործընթացը չի կարող ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ քաղաքական ճգնաժամի հանգեցնել:
«Գործընթացը բացառապես կոնկրետ տվյալ քաղաքական ուժի մոտ է խնդիրներ ստեղծում: Այս իրավիճակը բացահայտ ահազանգեր է հնչեցնում առ այն, որ պետք է շտապ ինչ-որ գործընթացներ իրականացնել: Ի դեպ՝ «Հայաստան» դաշինքն առաջինը չէ, որ նման իրավիճակում է հայտնվում: 1990-ականների կեսերից սկսած ընդդիմադիր բազմաթիվ կառույցների մոտ նման գործընթացներ են եղել, ինչից օգտվել է տվյալ պահի իշխանությունը: Իրավիճակն օգտագործել է, առաջին հերթին, քաղաքական PR անելու և ընդդիմության թուլությունը ցույց տալու համար:
Բացի այդ, նշված գործընթացներն իշխանությանը երկրի ներսում ու դրսում արտաքին քաղաքականությունը վարելու հարցում շատ ավելի հանգիստ զգալու հնարավորություն են տալիս: Ինչ վերաբերում է երկրի վրա նշված գործընթացի ազդեցությանը, մի բան պարզ է՝ ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր կդնեն, թե ոչ, տեսնում ենք, որ «Հայաստան» դաշինքն ու ընդդիմադիր այլ կառույցներ այս պահի դրությամբ որևիցե ակտիվ գործունեություն չէին իրականացնում իշխող քաղաքական ուժին հակակշիռ լինելու կամ զսպող ուժ լինելու իմաստով: Այսպիսով կավելանա իշխանության՝ ավելի ակտիվ գործելու մղումը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։
Հավելենք, որ մինչ այս ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ևս մանդատները վայր դնելու որոշում էին կայացրել: Ավելի վաղ մանդատը վայր էր դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը, մանդատը վայր էր դրել նաև Մխիթար Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: