«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կկանչվի Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը։
Հոդվածում ասվում է, որ հակակոռուպցիոն կոմիտեն այս տարվա հունիսին քրեական գործ է հարուցել և ակտիվորեն հարցաքննում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակիցներին:
Քրեական գործ է հարուցվել մի քանի դրվագներով՝ յուրացում, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք։ Թերթը գրում է, որ կասկածյալներ կամ մեղադրյալներ դեռ չկան։
Լրատվականը հայտնում է, որ քրեական գործ հարուցելու պատճառ է հանդիսացել Հաշվեքննիչ պալատի զեկույցը, որտեղ, ուսումնասիրելով Առողջապահության նախարարության 2020թ. կորոնավիրուսային ծախսերը՝ հայտնաբերվել են ոչ նպատակային ծախսեր:
Առողջապահության նախարարության ղեկավարը 2020 թվականին Արսեն Թորոսյանն էր, ով այժմ Ազգային ժողովի պատգամավոր է և իշխող կուսակցության վարչության անդամ, հիշեցնում է թերթը։