Պրահայում Երևանի ստորագրած հայտարարությունը, որում ասվում է, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատում իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ առանց վերապահումների, լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ասել է Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցությունը և հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը՝ ԽՍՀՄ հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմաններում։ Այսինքն՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ակնհայտորեն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր։ Սա հավանության է արժանացել Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և պարոն Միշելի կողմից՝ առանց վերապահումների, և դա է որոշում, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա հիշեցրել է, որ հենց այդ պատճառով էլ Հայաստանը վերջին շրջանում բարձրացնում է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարցը։ Լավրովը նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։
«Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան կարգավիճակի, որքան Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։ Սրան պատրաստ է նաև ադրբեջանական կողմը, նրանք պատրաստ են քննարկել և ապահովել բոլոր անհրաժեշտ իրավունքները»,- ասել է Լավրովը։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, Լավրովը նշել է, որ արևմտյան գործընկերները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակին ստեղծվել է տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրներին միավորելու համար, որոնք կարող են ազդանշաններ ուղարկել և՛ Երևանին, և՛ Բաքվին, և որոնք համաձայնել են աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահությամբ։ Այնուհետև, համանախագահները շատ օգտակար աշխատանք են կատարել, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, առանձին-առանձին և համատեղ միջոցառումներ են անցկացրել. որոնցից ամենանշանակալիներից մեկը 90-ականների վերջին տեղի ունեցավ Մադրիդում։ Այնտեղ հայտնվեցին Մադրիդյան սկզբունքները, որոնք քննարկվեցին կողմերի կողմից, արդիականացվեցին, շտկվեցին»,- հիշեց Լավրովը։
Նա հայտարարեց, որ այժմ Վաշինգտոնը, Փարիզը և Բրյուսելը փորձում են փոխհատուցել «Մինսկի խմբին, որին իրենք թաղել են միջնորդական ծառայությունների համար» և որոնք փորձում են «սեփականաշնորհել» Ռուսաստանի մասնակցությամբ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները։
«Օրինակ, Բրյուսելում անցկացվում է սահմանազատման հանձնաժողովի նիստ։ Ե՛վ հայերը, և ադրբեջանցիները քաղաքավարի մարդիկ են, գնում են այնտեղ, բայց ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է սահմանազատման մասին խոսել՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզները, որոնք գոյություն ունեն միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում։ Նույնը հաշտության պայմանագրի դեպքում է»,- հավելել է Լավրովը։