Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախապատրաստվում, այժմ համաձայնեցվում են ժամկետներն ու օրակարգը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է TACC-ը։
«Խոսել ենք նաև խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մասին, նկատի ունեմ հարավկովկասյան երեք հանրապետություններին և նրանց երեք հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային։ Սա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Իսկ հիմա մենք պատրաստում ենք ևս մեկ նման հանդիպում և համաձայնեցնում կոնկրետ ժամկետներ և օրակարգ»,- ասել է նա։
«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը, որը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին փոխարտգործնախարարների մակարդակով կայացավ Մոսկվայում։
Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նախաձեռնությամբ։ Ռուսաստանն ու Իրանը ողջունեցին այս գաղափարը, Վրաստանը հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց առաջարկում է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների իր ձևաչափը՝ խաղաղությունը պահպանելու համար՝ «եռյակի» տեսքով։