ՀԱՊԿ-ի առաջարկած փաստաթղթի խնդիրը մեզ համար որոշ ձևակերպումների մեջ էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյնաը՝ նշելով, որ գործընթացը փաստաթղթի շուրջ չի ավարտվել, այժմ քննարկումներ են դրա շուրջ:
Սիմոնյանն նշեց, որ Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում վերահաստատել է փաստաթղթի անընդունելիությունը Հայաստանի համար, իրեն էլ երկրորդել է Ստանիսլավ Զասը, որը դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում է:
«Այդ բոլոր արձանագրումները պետք է հաշվի առնվեն և հաշվի կառնվե՛ն այն փաստաթղթի փոփոխության մեջ, որը հետագայում կդրվի սեղանին»,- ասաց ԱԺ նախագահը: Նա նշեց, որ թեև ստորագրման համար նախատեսվող ժամկետներ չկան, սակայն մինչև հաջորդ նիստը այն ինչ-որ պահի կարող է դրվել սեղանին:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական ղեկավարների հանդիպումը մինչև 2022 թվականի վերջ անցկացնելուն, ապա Սիմոնյանն ասաց, որ այս պահին տեղեկություններ չկան, թե որտեղ կարող է կայանալ այս հանդիպումը, սակայն հայկական կողմը ֆիքսված չէ միայն Բրյուսելի վրա և պատրաստ է ցանկացած բովանդակալից քննարկման:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծը: