Հայաստանը չի փոխել Գուրգեն Մարգարյանի սպանության առնչությամբ իր գնահատականը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «ՔՊ» պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին, թե արդյո՞ք Հունգարիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին ԱԳՆ հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանի դիրքորոշումը փոխվել է Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար:
«Այդ իրադարձությունները հիշելով նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը հինգ հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, Հունգարիայի իշխանության ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և հինգ գերիների հետ միասին եկան Երևան»,- ասաց Միրզոյանը: Նա ընդգծեց նաև քովիդի դեմ պայքարում Հունգարիայի տրամադրած օգնությունը:
«Եթե չեմ սխալվում՝ 100 000 դեղաչափ տրամադրեցին և սա ևս կյանքեր փրկեց: Կան բազմաթիվ այլ օրինակներ, օրինակ՝ ֆինանսական աջակցությունը, որը Հունգարիան ցույց է տալիս Հայ առաքելական եկեղեցուն, բավականին շոշափելի…»,- ասաց Միրզոյանը:
Նախարարը նշեց, որ երբ կշեռքի նժարին է դրվում այս ամենը, ապա պետք է ընտրություն կատարվի ավելի շատ դրականի և ապագայի համար: Նա նաև տեղեկացրեց, որ երկու երկրներում առաջիկայում կնշանակվեն դեսպաններ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարների համաժողովի ընթացքում ՀՀ-ն և Հունգարիան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման պատրաստակամության մասին: