Ազգային ժողովն այսօր ձայների 66 կողմ և 28 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված 2023 թվականի բյուջեի նախագիծը:
Ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին:
Ավելի վաղ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր 2023 թվականի պետական բյուջեն:
Նա հայտնել էր, որ 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորվում ենք 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը 2018 թվականի ցուցնիշից ավել է 946 միլիարդ դրամով կամ 75 տոկոսով: Ըստ նախագծի՝ առողջապահության ոլորտի բյուջեն 2023 թվականի 2018-ի նկատմամբ կաճի 87 տոկոսով: Նախագծով կիրականացվի 500 մանկապարտեզի ու 300 դպրոցի կառուցման ծրագիր: Տարվա ավարտին 24 դպրոց և 53 մանկապարտեզ կհանձնվի շահագործման: Սպորտի ոլորտին 2023 թվականին նախատեսվում է հատկացնել 5 միլիարդ դրամ:
Ավելի վաղ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Ազգային ժողովի հաստատմանն էր ներկայացրել ներկայացրեց 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ հայտնելով նաև, որ 2023 թվականի ընթացքում ԿԲ-ն կշարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով մոտենալ գնաճի օրենքով սահմանված 4 տոկոս չափին: