Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի շուրջ: Կողմերը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձևաչափի համաձայն հետագա քննարկումների կարևորությունը:
Հիշեցնենք, որ այսօր Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: