ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել վերականգնել ու ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթեւեկությունը: Այս մասին ասվում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը և ապահովել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,-նշել է Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում շարունակվող միջնորդական ջանքերին»,-հավելել է նա:
Իր հերթին Դյուժարիկը հայտարարել է. «Երկխոսությունը լարվածության սրումը կանխելու բանալին է։ Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին՝ վստահության ամրապնդման միջոցներով»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։