Քիչ առաջ մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։
Կայքի փոխանցմամբ՝ նա տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի Դաշնություն` բուժման: Նշվում է, որ այսօր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Գալուստ Սահակյանի կյանքը փրկել չի հաջողվել:
Նշենք, որ Գալուստ Սահակյանը 74 տարեկան էր։
1992-1996 թթ. նա եղել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։
1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
1999-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար։
2003-2007 թթ. կրկին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
2007-2012 թթ. նաև կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
2014-2017 թվականներին Գալուստ Սահակյանը եղել է ՀՀ ԱԺ նախագահը։