Փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Այս մասին այսօր Անվտանգության խորհրդի հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում է ՀՀ կառավարությունը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ Հանրապետության նախագահի հետ էլ քննարկել է այդ հարցը։ Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։
«Անվտանգության խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը»,- ասել է վարչապետը:
Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրերով Համբարձում Մաթևոսյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։