Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իհարկե նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց դրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է․ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակը մնում է ծայրահեղ լարված։ Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ, ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կոմերում։ ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում պարենի դեֆիցիտ է նկատվում»,- նշեց վարչապետը։
Նա նաև ընդգծեց, որ Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորւթյունները, մասնավորապես 2020 թվականի նոյեբեմրի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
«Հայտարարության 6-րդ կետի համաձայն, ինչպես ասել եմ բազմիցս, Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։ Այս դրույթը այսօր փաստացի չի իրագործվում»,- նկատեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: