Հիմարություն է քննադատել ռուս խաղաղապահներին այն դեպքում, երբ Ռուսաստանը գործնականում ապահովում է խաղաղությունը Հայաստանում և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Ղարաբաղի հետ կապված խնդիրները լուծվեն, ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ մեկնաբանելով իրավիճակը Լաչինի միջանցքում։
«Ռուս խաղաղապահները քննադատության են ենթարկվում ոչ բարեկամական ուժերի կողմից։ Բայց, իմ կարծիքով, հիմարություն է նման բաներ ասելը, երբ Ռուսաստանը գործնականում ապահովում է խաղաղությունը Հայաստանում և անում է ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծվեն»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների և սահմանապահների ներկայությունն արդեն որոշակիորեն անվտանգության խնդրի լուծում է։ Կոնյուկը կարծում է, որ պետք է համարժեք արձագանքել քննադատությանը։
«Դա չի կարելի անտեսել, բայց պետք է հասկանալ, որ մեր երկրներին լավ ցանկացողը չէ, որ քննադատում է»,- կարծում է դեսպանը։
Ինչ վերաբերում է տեղում տիրող իրավիճակին, ապա, ըստ Կոնյուկի, Բելառուսի դիրքորոշումը միանշանակ է՝ մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ չտուժեն։ Բայց այս հարցում շատ այլ քաղաքական խնդիրներ կան։ Ըստ Մինսկի՝ այս խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ, նշել է Բելառուսի դեսպանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: