Արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք չի կաշկանդվում զբաղեցնել նախարարի պաշտոնն այն դեպքում, երբ հոր և եղբոր դեմ քրեական հետապնդումներ են իրականացվում:
Նշենք, որ Գրիգոր Մինասյանը Վատիկանի Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է: Նրանց հայրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանն է, որի նկատմամբ ՔԿ-ն օրերս նոր քրեական հետապնդում էր հարուցվել:
«Առհասարակ՝ շահերի բախում չեմ տեսնում: Արդարադատության նախարարությունը քրեական վարույթների հետ կապված որևէ լիազորություն չունի: Քանի որ թեման շատ է արծարծվել, ասեմ․ ես 10 տարի աշխատել եմ որպես փաստաբան: Փոքր երկրներում կարող ես հայտնվել շահերի բախման կիզակետում: Հենց պրոֆեսիոնալ աշխատողը կարող է հայտնվել նման իարվիճակում: Դրանից խուսափելու համար հարկավոր է գործել օրենքի շրջանակներում: Ես աշխատում եմ որպես Արդարադատության նախարար, աշխատել եմ փոխնախարար: Աշխատանք իրականացնելիս զգացմունքները մարդուն չպետք է խանգարեն»,-արձագանքել է Մինասյանը:
Անդրադառնալով այսօր կառավարության նիստի ժամանակ ընդունված երկու որոշումներին, որոնք վերաբերում են ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ագրեսիա կիրառելու, ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու մասին հայտարարություները քրեորեն պատժելի դարձնելուն՝ Մինասյանը նշել է. «Եթե սահմանադրական դատարանը հաստատի այս նախագիծը, նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած միջազգային քրեական դատարանին վերաբերելի հանցագործությունները հնարավոր կլինի քննել 2021-ի մայիսից սկսած հետադարձության ժամկետով: Խոսքը զինվորական հանցագորոծությունների մասին է: Գործիքակազմ է ստեղծվելու, որով միջազգային քրեական դատարանն արդեն կկարողանա քննել մեր երկրի դեմ տեղի ունեցած հանցագործությունները»:
Հիշեցնենք, որ ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ագրեսիա կիրառելու, ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու մասին հայտարարություները քրեորեն պատժելի դարձնելու մասին երկու որոշում ընդունվեց կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում։
Մանրամասները՝ տեսանյութում: