Հայաստանին միութենական պետության մեջ ընդգրկելու պարտադրանքի մասին լուրը, ինչի մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՌԴ ԱԳՆ-ն կեղծիք է անվանել:
Խոսակցությունները, թե Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միանալ միութենական պետությանը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ենթադրություն է որակել:
«Ո՞ւմ են հղում անում մարդիկ, երբ նման բան են պնդում, ի՞նչ փաստերի են հղում անում, կա՞ն արդյոք ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ ընկերական մթնոլորտո՞ւմ, մի բաժակ կարմիր գինու շո՞ւրջ, թե՞ կոշտ պարտադրանք է եղել: Գոնե ինչ-որ փաստեր պետք է լինեն։ Եթե մարդիկ առանց փաստեր ներկայացնելու նման հայտարարություններ են, ընդ որում՝ կոնկրետ հիշատակում են երկիրը, բարի՛ եղեք, փաստերով հիմնավորեք»,-եզրափակել է նա։
Զախարովայի խոսքով՝ ենթադրություններ են նաև այն լուրերը, թե «Մոսկվան Երևանին իր վերահսկողությունից դուրս ինչ-որ միջանցքի տրամադրում է պարտադրում»:
Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Առաջին ալիքի եթերում հայտարարել էր, որ Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել Միութենական պետությանը:
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս պաշտոնյաներից ոչ ոք հայկական կողմից չի պահանջել անդամակցել Միութենական պետությանը։ Նա Արմեն Գրիգորյանի հայտարարությունը սադրիչ էր որակել: