Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է:
Այս մասին մեզ Armenia Today-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով թուրքական լրատվամիջոցների այն տեղեկությանը, թե Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
Հաստատելով տեղեկությունը՝ Վահան Հունանյանը հավելեց. «Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»:
Հավելենք, որ այսօր թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիան և Հայաստանը վերացրել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների խոչընդոտները:
«Երկու երկրների միջև կայացած բանակցությունների արդյունքում Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները վերացվել են»,-նշվել էր թուրքական լրատվամիջոցներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Hürriyet» պարբերականը գրել էր, որ Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022 թվականի վերջ։ Ըստ աղբյուրի՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում և թուրքական ապրանքները Վրաստանի տարածքով անցնելու փոխարեն կկարողանան ուղղակիորեն հասնել Հայաստան՝ օդային բեռների միջոցով:
Armenia Today-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերջին հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել էին նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։