Հայաստանը Միութենական պետության մաս կազմելու որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել, նման առաջարկ չէր էլ կարող լինել: Այս մասին այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ին իր պաշտոնավարման ժամանակ Միութենական պետության մաս կազմելու առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ:
«Բայց իրականությունն այդքան պարզ չէ, որքան թվում է: Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը: Մենք պետք է դիտարկենք գլոբալ գործընթացները: Մեզ համար, ընդհանուր առմամբ, ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են: Մեր պետականության, հայրենիքի հարատևությունն ապահովելը մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում»,- ասաց նա:
Նա չհստակեցրեց՝ ոչ պաշտոնապես նման առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ: Փաշինյանը հղում արեց փորձագիտական դաշտի կողմից արվող նման ազդակներին՝ շեշտելով, որ, միգուցե, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով ճնշումների մասին, նաև հենց նրանց է նկատի ունեցել:
Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Առաջին ալիքի եթերում հայտարարել էր, որ Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել Միութենական պետությանը:
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուս պաշտոնյաներից ոչ ոք հայկական կողմից չի պահանջել անդամակցել Միութենական պետությանը։ Նա Արմեն Գրիգորյանի հայտարարությունը սադրիչ էր որակել: ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը կեղծիք էր որակել:
Մանրամասները՝ տեսանյութում: