ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ երկրի վարչապետը չի տիրապետում անհետ կորածների որոնման մանրամասներին կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է:
Իրականում 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռեւս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ:
«Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաեւ տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների եւ կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով:
Առ այսօր որեւէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»,- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի եւ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: