Երեկ՝ կեսօրից, ՀՀ պետական գրեթե ողջ համակարգը կանգ էր առել, բարձրաստիճան պաշտոնյաները, համակարգիչների առջև նստած, հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին. աշխատանքը կասեցված էր: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հատկապես ուժային կառույցները թուղթ ու գրիչով են հետեւել ասուլիսին, որպեսզի անհրաժեշտության դեպքում վարչապետի մտքից իդեաներ որսան ու ընթացք տան ինչ-ինչ բարձրաձայնումների: Ինչպես հայտնի է, երկու տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս չէր հրավիրում:
Ինչպես ինքը՝ վարչապետը խոստովանեց, 2020թ.-ի պատերազմից հետո քաղաքականապես լարված վիճակ էր, եւ լրատվամիջոցների մեջ էլ քաղաքականացվածության մակարդակը բարձր էր, դրա համար ինքը խուսափել է հանդիպել իր երբեմնի գործընկերներին: Այդ առումով երեկվա ասուլիսը սպասված էր»,- գրում է թերթը:
Օրաթերթը նշում է, որ Փաշինյանը, ինչպես նկատվեց, երկար էր պատրաստվել հարցերին. աշխատում էր հունից դուրս չգալ, ձայնը չբարձրացնել: Հասցրեց, սակայն, մի քանի լուրջ բացթողումներ անել. երբ հարցը դուրը չէր գալիս, ասում էր՝ տեղյակ չեմ: