Ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորություն ընձեռվի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների աճյունները Վերին Շորժայի ու Ջերմուկի տարածքներից դուրս հանել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով, որ անգամ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ։
Հարցին, թե բավականին երկար ժամանակ է անցել, սակայն դա չի հաջողվում անել, ինչն է պատճառը, Սարգսյանը պատասխանեց, որ սկսած տեղանքից ու ռիսկերից՝ խոչընդոտ չունենք հնարավարության դեպքում անմիջապես մոտենալու և դուրս բերելու մարմինը։
«Տարվում են աշխատանքներ, որպեսզի կոմպրոմիսի եղանակով մարմինները արագ դուրս բերվեն»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ Կարմիր խաչի, ԱԱԾ-ի ու ադրբեջանական կողմի համագործակցությամբ սկզբնական շրջանում մեծ աշխատանք է կատարվել, հույս ունի, որ երեք աճյունները ևս կվերադարձվեն ու կհանձնվեն հողին։
Փոխնախարարը նշեց, որ սեպտեմբերի 13-ին ու 14-ին հայկական կողմն ունեցել է 224 զոհ, որոնց աճյուններն ամփոփվել են, սակայն 3 զինծառայողի աճյունները դեռ մնում են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։