Հարցն ուղղեք ՀՀ կառավարությանը: Այսպես է արձագանքել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը իր ճեպազրույցի ժամանակ լրագրողի հնչեցրած հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց հրաժարվելու ՀՀ իշխանությունների որոշումը:
«Ես կուղղորդեմ ձեզ հարցը տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որպեսզի խոսեք իրենց դիրքորոշման մասին»,- ասել է Փրայսը:
Նա ձեռնպահ է մնացել պատասխանել նաև այն հարցին, թե Ռուսաստանը փորձում է ներառել Հայաստանը Ռուս-Բելառուս միութենական պետության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք այս իրավիճակում Հայաստանում զորավարժություն իրականացնելը նպատակահարմար չենք համարում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը կանցկացվի Հայաստանում: