ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար կայանալիք փակ քվեարկությանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբինյանի հարցադրումից հետո ՔՊ-ական պատգամավորները սկսեցին բարձր ծիծաղել, հետո արդեն ընդդիմության և իշխանության միջև լեզվակռիվ սկսվեց, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ:
Ռուբեն Ռուբինյանը, մասնավորապես, հարցրեց, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցելու քվեարկությանը: «Ձեր իրավունքն է, բայց ինչո՞ւ եք նիստերի օրակարգերին դեմ, ձեռնպահ քվեարկում կամ չեք քվեարկում: Կոնկրետ Հաշվեքննիչ պալատի դեմ ի՞նչ ունեք»,- ասաց Ռուբինյանը:
Արձագանքելով՝ Արծվիկ Մինասյանը նշեց. «Մենք մեր ձեռնպահ և դեմ քվեարկությունները հիմնավորում ենք: Բարելավմանն ուղղված փաթեթները նորմալ ենք գնահատում: Դեմ ենք այն փաթեթներին, որոնք դուրս են Հայաստանի առաջնային օրակարգերից: Իսկ թե ինչու չենք մասնակցում փակ, գաղտնի քվեարկություններին, պատճառն այն է, որ ձեզնից շատերն ապալեգիտիմացրել են փակ, գաղտնի քվեարկության արդյունքները, գործընթացը»:
Արձագանքելով Մինասյանին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեգնանքով ասաց. «30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիտիմացնի»:
Ռուբեն Ռուբինյանն ընդդիմության վարքագիծը քաղաքական աբսուրդ որակեց՝ նշելով, որ աշխատավարձի համար են ԱԺ գալիս: Արծվիկ Մինասյանն էլ իշխանությանը հերթական սպեկուլացիան դաշտ նետելու մեջ մեղադրեց:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ Ալեն Սիմինյանին հորդորեց սաստել Ռուբեն Ռուբինյանին, որը, Խաչատրյանի խոսքով, տեղից ռեպլիկ է արել:
Մանրամասները՝ տեսանյութում: