Ինչպես և անցած տարի, Թուրքիայի ԱԳՆ-ից կրկին հրավեր եմ ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, և, ըստ ամենայնի, կմասնակցեմ ֆորումին, որտեղ ենթադրաբար, կլինեն նաև հանդիպումներ և քննարկումներ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ ԱԳ նախարարի՝ սա մեծ հնարավորություն է Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելու և ավելի կոնկրետ, առարկայական արդյունքների հասնելու համար։ Միրզոյանը դրական է գնահատել Թուրքիայի և Հայաստանի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը։
«Չնայած հատուկ ներկայացուցիչների միջև բավականին երկար ժամանակ հանդիպում չի եղել, սակայն էքսպերտային մակարդակում բավականին ակտիվ քննարկումներ են ծավալվում ամենատարբեր ոլորտների վերաբերյալ»,- հայտնեց նա։