ԵԽ-ում երեկ՝ հունվարի 18-ին ընդունված զեկույցը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան, որը գնահատել է որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար բացասական հետևանքներ ունեցող ակցիա։ Այս մասին կառավարության հունվարի 19-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԵԽ պատգամավորներին։
«Զեկույցում ԵԽ-ն վերահաստատել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դուրս բերել զորքերը ՀՀ բոլոր տարածքներից։
Համոզմունք է արտահայտել, որ ռազմական միջոցներով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ։ Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում` միջազգային իրավունքին համապատասխան՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975թ․-ի Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ-ի 2009թ հիմնարար «Տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման» սկզբունքները»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ ԵԽ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատել ռազմագերիներին։
Նշենք, որ Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ։ Այս մասին ասված է 2022 թվականին Միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին ամենամյա զեկույցում։