Խաղաղության օրակարգը կեղծ է, իսկ ՀՀ իշխանությունները կուրորեն մտնում են այդ օրակարգի մեջ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Նրանք նույնիսկ վախենում են ասել, որ Արցախը տարիներ առաջ ինքնորոշվել է: Վախենում են ասել, որ այս պայմաններում Արցախն Ադրբեջանի կազմում ապրելու որևէ հնարավորություն չունի և չպետք է լինի Ադրբեջանի կազմում»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստակամ չէ խաղաղ համակեցությամբ հարևանություն անել:
Սեյրան Օհանյանը նշեց, որ Արցախի հարցի որոշման ուղին անկախ Արցախի Հանրապետություն ունենալն է:
Անդրադառնալով այսօր բանակում տեղի ունեցած ողբերգությանը՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ երբ մարտական գործողությունների ժամանակ զոհեր ենք ունենում, այն ինչ-որ տեսանկյունից ընկալելի է՝ առանց հերոսների հնարավոր չէ հայրենիքը պաշտպանել: «Բայց հարաբերական խաղաղ պայմաններում նման կորուստներ ունենալն անընդունելի է»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Մանրամասները՝ տեսանյութում: