Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Մարտիրոսյանին նշանակել են իրավունքի ուժով՝ հաշվի առնելով տարիքով ավագ լինելը:
«Եթե դատարանի նախագահի պաշտոնը մնում է թափուր, ապա տարիքով ավագը զբաղեցնում է այդ պաշտոնը, բայց քանի որ տարիքով ամենաավագը հրաժարվել է պաշտոնից, իսկ հաջորդը ցանկում Մարտիրոսյանն էր, իրավունքի ուժով նշանակվել է այդ պաշտոնին:
Օրերս հայտնի դարձավ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դուրս է մնացել հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցուցակից: Ի դեպ, սա աննախադեպ է, երբ ԲԴԽ-ն դատավոր ընտրելու իր որոշումից օրեր անց նոր որոշում է ընդունում՝ այդ թեկնածուին ցուցակից դուրս թողնելու հետ կապված:
«Փաստ» թերթի տեղեկություններով դատավորի սիրտը նորանոր կարգավիճակներ է ցանկացել: Աղբյուրների փոխանցմամբ, նա պայմաններ է սկսել թելադրել, թե հակակոռուպցիոն դատարան կգնա միայն այն դեպքում, եթե երաշխավորեն, որ դառնալու է այդ դատարանի նախագահ:
Նիկոլ Փաշինյանը սկզբում դեմ չի եղել, սակայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերջինիս համոզել է, որ առանց այդ էլ հանրային ընկալումներում Մացոյի նշանակումը բացասական է ընդունվել, և այս փուլում դատարանի նախագահ նշանակելը շատ ռիսկային է: