ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որի շուրջ կողմերը շատ վաղուց ունեն տարաձայնություններ։ Այս մասին Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի վերջին հեռախոսազրույցները մեկնաբանելիս ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ ճեպազրույցի ժամանակ:
«Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմանի ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենն, ինչն ամենաարդյունավետ է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը:
Նեդ Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները»,- ասել է Փրայսը:
Նրա բնորոշմամբ՝ բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն էլ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը:
«Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ»,- նշել է նա։