Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկ շաբաթ Ռուսաստանում կանցկացնի: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը՝ հավելելով, որ Սինանյանն ամենուր հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչներին:
«Նա մի շարք հանդիպումներ է ունեցել Նիժնի Նովգորոդում, այժմ մեկնում է Մոսկվա, իսկ հունվարի 27-30-ը Սանկտ Պետերբուրգում կլինի»,- ասաց նա:
Կարապետյանի հաղորդմամբ՝ Սինանյանը հունվարի 25-27-ը հանդիպումեր կունենա Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Յուրիևիչ Գալուզինի, ինչպես նաև տեղի հայ երիտասարդների հետ: Իսկ 27-30-ը արդեն Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Լենիգրադյան մարզի հայ համայնքների հետ, կմասնակցի մշակութային միջոցառումների, ինչպես նաև մամուլի ասուլիսի՝ հարցուպատասխանի ձևաչափով:
Նշենք, որ Նիժնի Նովգորոդ քաղաքում Սինանյանը հանդիպել է մարզի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևայի հետ:
Այնուհետ հանդիպել է հայկական համայնքում ներգրավված երիտասարդների հետ, ներկայացրել գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, շեշտադրել հատկապես այս տարվա օգոստոս ամսին նախատեսված երիտասարդական համաժողովը` կարևորելով երիտասարդների մասնակցությունը նաև համաժողովի օրակարգի նախապատրաստման գործում։
Երիտասարդների հարցերը հանձնակատարին վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցությանը, հայրենիքի անվտանգությանը, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ինտերգրմանը, գրասենյակի ծրագրերին մասնակցելու հնարավորություններին, նշեց Ամալյա Կարապետյանը: