Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր բոլոր գործընկերների հետ, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ»,- ասել է նա:
ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, որը հանգեցրել է ռուսական խաղաղապահների տեղակայմանը, ասել է Պատելը:
«Հետևաբար, հավելյալ ոչինչ չենք կարող ասել ՌԴ դերի մասին: Բայց հակամարտությունը խիստ կարևոր է Բլինքենի համար և նա շարունակում է լրջորեն ներգրավված մնալ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները՝ արձանագրելով, որ տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ տարվող աշխատանքը, Երևանում նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ: Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է մինչև 40 փորձագետներից բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից: