Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության տեղակայումից, ТАСС-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, երկրի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Դուք գիտեք, որ միջպետական հարաբերություններում կարող են լինել ինչ-որ հարցեր, որոնք քննարկվում են և որոնց լուծումներ են գտնում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա ՀԱՊԿ դիտորդներից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր լրամշակել փաստաթուղթը։ «…» Ահա այս փաստաթուղթը լրամշակման փուլում է», – նշել է նա։
Հարությունյանը նաև հերքել է որոշ հայ քաղաքագետների և ընդդիմադիր գործիչների հայտարարություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախապատրաստում է ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը։
«Նման մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն առումով, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են այն պայմանագրերով, որոնք ստորագրվել են, և այդ պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռևս իննսունական թվականներին, այժմ շարունակում են աճել։ Դուք շատ լավ գիտեք, որ մեր առաջնորդների միջև տասնյակ հանդիպումներ և հեռախոսազրույցներ են եղել։ Մեր վարչապետը (Նիկոլ Փաշինյանը) նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող, դրա համար դա չի համապատասխանում իրականությանը, ընդհակառակը, մենք ունենք մեր փոխհարաբերությունների խորացում և այս անկայուն, այսպիսի, ասենք, ժամանակահատվածում մեր հարաբերությունները խորանում են և խորանալու են։ «…» Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, ԱՊՀ անդամ է և տարածաշրջանային բոլոր այլ կազմակերպությունների անդամ, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը։ Այդ պատճառով այս ամենը կարելի է ընկալել որպես մարդկանց արտահայտություններ, որոնք չեն հասկանում մեր հարաբերությունները», – հավելել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ-ում հունվարի 26-ին հայտարարել են, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: «Չպետք է մոլորության մեջ գցեն նաև ԵՄ-ական առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: