ՀՀ-ն ու Եգիպտոսը քաղաքական լայն օրակարգ ունեն, այսօր ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք նոր ու հետաքրքիր նախաձեռնությունների սկիզբ կդնեն: Այս մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նա նշել է, որ այցը պատմական է՝ հաշվի առնելով, որ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որն այցելում է Հայաստան:
«Արդյունավետ եմ համարում գործընկերոջս հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում քննարկեցինք երկու պետությունների միջև այս տարիների ընթացքում ձևավորված լայն շրջանակը, երկկողմ հարաբերությունների զարգացման հետագա անելիքները: Այսօր Հայաստանն ու Եգիպտոսը արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Իհարկե, երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները դեռ գոհացուցիչ չեն, սակայն, վստահ եմ, որ մեր քաղաքական լայն օրակարգը, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների գործադրվելիք համատեղ ջանքերը կխորացնեն փոխշահավետ համագործակցության օրակարգերը»,-ասել է ՀՀ նախագահը:
Նա նշել է, որ անցած տարիներին համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել, և նշմարվում են համագործակցության նոր հեռանկարներ: Վահագն Խաչատուրյանը շեշտեց, որ Եգիպտոսի նախագահի հետ հանդիպմանը քննարկել են նաև տարածաշրջանային, անվտանգային ու քաղաքական հարցեր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան: Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում:
Մանրամասները՝ տեսանյութում: