Աշխատանքային երկօրյա այցով Հայաստանում գտնվող Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին այսօր Երևանում հայտարարել է, որ Եգիպտոսը պատրաստ է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում միջնորդի դեր ստանձնել:
Նախագահի գրասենյակից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է մեր տարածաշրջանային և Հայաստանի Հանրապետության խնդիրները:
«Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք»-ասել է ՀՀ նախագահը:
Իր խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար:
«Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների…
Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»-ասել է Եգիպտոսի նախագահը:
Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են նաև Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների իրականացման հնարավորություններին:
Այնուհետև երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան: Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում