ՀՀ հարցված քաղաքացիների լոկ 42,5%-ն է Ադրբեջանին մեղադրում Լաչինի միջանցքի շրջափակման մեջ: Այս մասին վկայում են «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կատարած հարցման արդյունքները, որոնք ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում:
Ըստ 1100 քաղաքացիների միջև հունվարի 17-24 անցկացված հարցման արդյունքների՝ քաղաքացիների 29 տոկոսը նշել է, որ մեղավոր են ՀՀ իշխանությունները, 17,2 տոկոսը՝ Թուրքիայի իշխանությունները, 12 տոկոսը՝ ռուս խաղաղապահները, 10 տոկոսը նշել է, որ մեղավոր են բոլոր պետությունները, 8,3 տոկոսը նշել է՝ Արցախի իշխանությունները:
Գնահատելով Արցախի իշխանությունների գործունեությունը ստեղծված իրավիճակում քաղաքացիները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին գնահատել են 2,2 բալով, իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանին 3,7 բալով՝ 5-բալանոց սանդղակով:
Քաղաքացիները գնահատել են նաև ՀՀ իշխանություններին: Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին գնահատել են 2,7 բալ, Արարատ Միրզոյանին՝ 2,8 բալ, Ալեն Սիմոնյանին՝ 2,5 բալ և Վահագն Խաչատրյանին՝ 2,3 բալ:
Դատելով մի շարք երկրների ու ինսիտուտների արձագանքը Արցախի շրջափակման վերաբերյալ՝ հարցվածների 41,6 տոկոսը Ֆրանսիային գնահատել է միանշանակ դրական, իսկ 32,5 տոկոսը՝ ավելի շուտ դրական:
Միևնույն ժամանակ՝ 25,4 տոկոսը Իրանին գնահատել է միանշանակ դրական, իսկ 38,6 տոկոսը՝ ավելի շուտ դրական, ԱՄՆ-ին միանշանակ դրական գնահատել է 17,5 տոկոսը, իսկ ավելի շուտ դրական՝ 28,5 տոկոսը, ԵՄ-ին միանշանակ դրական գնահատել է 12,7 տոկոսը, իսկ ավելի շուտ դրական՝ 26,1 տոկոսը, ՌԴ-ին 8,1 տոկոսը գնահատել է միանշանակ դրական, իսկ ավելի շուտ դրական՝ 16,3 տոկոսը, ՀԱՊԿ-ին 6,4 տոկոսը գնահատել է միանշանակ դրական, իսկ 9,8 տոկոսը՝ ավելի շուտ դրական: Պատկերն այլ է Թուրքիայի դեպքում. միանշանակ դրական է գնահատել 0,5 տոկոսը, իսկ մնացածը բացասական տիրույթում է:
Հարցին, թե ըստ քաղաքացիների որ երկրներն են պարտավոր ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման համար, Ռուսաստանի համար քվեարկել է 49,4 տոկոսը, Հայաստանի համար՝ 39,6 տոկոսը, ԱՄՆ-ի համար՝ 23 տոկոսը, Ֆրանսիայի համար՝ 22,8 տոկոսը, Իրանի համար՝ 6,7 տոկոսը, Արցախի համար՝ 4,6 տոկոսը, բոլոր երկրների համար՝ 3,5 տոկոսը, ՀԱՊԿ-ի համար՝ 1,9 տոկոսը:
«GALLUP International Association»-ի հարցին, թե արդյո՞ք ընդդիմության գործողությունները բավարար են Արցախի ապաշրջափակման հարցում, քաղաքացիների 5,2 տոկոսը գնահատել է բացարձակ դրական, ավելի շուտ բավարար նշել է 9,5 տոկոսը, 16,6 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ բավարար չեն, իսկ 61,7 տոկոսը կարծում է, որ ընդհանրապես բավարար չեն: Բարվոք վիճակում է իշխող կուսակցությունը. 9,5 տոկոսը կարծում է, որ լիովին բավարար է, 19,9 տոկոսը նշել է, որ ավելի շուտ բավարար են, ավելի շուտ բավարար չեն նշել է 17,8 տոկոսը, իսկ 48,4 տոկոսը կարծում են, որ ընդհանրապես բավարար չեն:
Հարցին, թե որ երկիր պետք է ուղղի Հայաստանն ինտեգրման վեկտորը, ՌԴ-ի օգտին քվեարկել է 22,7, ԱՄՆ-ի օգտին՝ 12,6 տոկոս, ԵՄ-ի օգտին նշել է 9,7 տոկոս, Ֆրասիա՝ 6,5 տոկոս և Իրան՝ 4,8:
Հարցին, թե ընդունելի՞ է Արցախին Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ ստանալը՝ հարցվածների 94,2 տոկոսը նշել է, որ բացարձակ ընդունելի չէ, իսկ 3,2 տոկոսը նշել է, որ ավելի շուտ ընդունելի չէ:
Իսկ այն հարցին, թե ո՞ր երկրներից է պետք սպասել ռազմական աջակցություն, հարցվածների 40 տոկոսը նշել է՝ Իրանից, 34,2 տոկոսը Ֆրանսիայից, 30 տոկոսը Ռուսաստանից, 27,8 տոկոսը՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից՝ 25,6 տոկոս, Չինաստանից՝ 5,1 տոկոսը և Գերմանիայինց՝ 3,2 տոկոս և ՀԱՊԿ-ից՝ 0,3 տոկոսը: