Հայաստանի Հանրապետության հարցված քաղաքացիների 40 տոկոսը նշել է, որ Հայաստանը ռազմական օգնություն կարող է ակնկալել Իրանից: Այս մասին վկայում են «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կատարած հարցման արդյունքները, որոնք ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում:
Ըստ 1100 քաղաքացիների միջև հունվարի 17-24 անցկացված հարցման արդյունքների՝ քաղաքացիների 34,2 տոկոսը սակայն, օգնություն է ակնկալում Ֆրանսիայից, 30 տոկոսը՝ Ռուսաստանից, 27,8 տոկոսը՝ ԱՄՆ-ից: Հնդկաստանից ռազմական օգնություն է ակնկալում հարցվածների 25,6 տոկոսը, Չինաստանից՝ 5,1 տոկոսը, Գերմանիայինց՝ 3,2 տոկոսը, իսկ ՀԱՊԿ-ից՝ 0,3 տոկոսը:
«Հարցին, թե ինչպես են քաղաքացիները վերաբերում Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, լիովին դրական գնահատել է 18,3 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 43,7 տոկոսը, բացասական գնահատել է 18,3 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը:
Նա տեղեկացրեց, որ քաղաքացիները կարծիք են հայտնել նաև ռուսական ռազմական բազայի առկայության մասին:
Ըստ նրա՝ քաղաքացիների 24,3 տոկոսը բազայի առկայությունը գնահատել է լիովին դրական, 22,6 տոկոսը՝ լիովին բացասական, իսկ 9,2 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:
ՀԱՊԿ-ի զորավարժությունները ՀՀ տարածքում չանցկացնելու՝ իշխանությունների որոշումը քաղաքացիների 32,4 տոկոսը գնահատել է լիովին դրական, ավելի շուտ դրական գնահատել է 18,3 տոկոսը: Հարցվածների 13,5 տոկոսը այն ավելի շուտ բացասական է որակել, իսկ ընդհանրապես բացասական՝ 26 տոկոսը: Քաղաքացիների 10 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: