Կառավարության որոշման մակարդակով կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն կապված են հենց ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորմանը և պետության պոզիտիվ պարտավորությունների կատարմանը:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով այս պահին գույքագրվում են Հանրապետությունում առկա 33 ձերբակալվածներին պահելու վայրեր` հասկանալու համար, թե ինչպիսի շենքային խնդիրներ են առկա, ինչ միջազգային ստանդարտներին պետք է համապատասխանեն այդ վայրերը և ըստ այդմ` կատարվեն որոշակի փոփոխություններ` ապահովելու ձերբակալվածների իրավունքները:
Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բովանդակային որևէ փոփոխություն չի կատարվել:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվող փոփոխությամբ Կառավարությանը վերապահվում է իրավունք, որպեսզի իր որոշմամբ սահմանվի ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի շինությունների ձևը, կարգը, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»:
Հանձնաժողովը նախագծին տվեց դրական եզրակացություն: