Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ սեղանին է, «Ռոսիա-24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե մեր հայ դաշնակիցները շահագրգռված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրից»,- ընդգծել է նախարարը։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Կովկասում կայունացման համար լուծում գտնելու հարցում։
«Անցյալ տարվա սեպտեմբերին բռնությունների աճից հետո Երևանը դիմեց կազմակերպությանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փորձագետների հետ գնացել է հայ-ադրբեջանական սահման և պլանավորել է բերել առաքելություն Ադրբեջանին սահմանակից Հայաստանի տարածքում»,- ասել է Լավրովը։ Այս պլանը, ըստ նրա, վաղուց էր պատրաստ, բայց հայկական կողմը չէր շտապում։
«Ավելի ուշ՝ Երևանում կայացած գագաթնաժողովում, հայ գործընկերները հայտարարեցին Ադրբեջանի գործողությունները կտրականապես դատապարտելու անհրաժեշտության մասին։ Ոչ բոլորն էին պատրաստ սրան։ Ոչ այն պատճառով, որ ուզում էին ինչ-որ մեկին պաշտպանել կամ չաջակցել»,- բացատրեց նա:
Ղարաբաղյան պատերազմի պատմությունը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, տասնամյակներով առաջ է գնում։ «Երկար տարիներ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի յոթ շրջան։ Ռուսաստանը դիվանագիտական լուծման բազմաթիվ տարբերակներ էր առաջարկում, սակայն Հայաստանի նախկին ղեկավարությունը պատրաստ էր կառչել այդ տարածքներից: Ադրբեջանը վերադարձրեց իր հողերը»,- ասել է Լավրովը։
Դիվանագետը այս բազմաշերտ ու բարդ իրավիճակում կարևոր ձեռքբերում է անվանել խաղաղապահ գործողության տեղակայման ՀԱՊԿ պլանի պատրաստումը։ «Այժմ կողմերը փաստաթուղթ են ստորագրել 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին: Մեզ համար արդեն դժվար է հետագա քայլերը որոշել, քանի որ այս հռչակագրում ասվում է, որ անկախ պետությունների սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների սահմաններով։ Ղարաբաղը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում»,- ասաց նա։
2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կազմակերպության երկրների ղեկավարները 2 որոշման նախագծերի շուրջ համաձայնության չեն եկել։ Նա ասաց, որ չի ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին հռչակագիր և հայտարարություն՝ կազմակերպության կողմից ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատական տալուց հրաժարվելու պատճառով։