Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հունվարին վերջին տարիների ամենախորը ճգնաժամի մեջ են հայտնել: Այս մասին գրում է Bloomberg-ը: Պարբերականը նշել է, որ պատճառը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն է, որից հետո Բաքուն հարևան երկրին «ահաբեկչության» մեջ է մեղադրել և տարհանել է դիվանագիտական առաքելության աշխատակիցներին: Սա, ըստ պարբերականի, համաշխարհային քաղաքականության մեջ պատերազմի նախանշան է համարվում: Պարբերականը մատնանշել է, որ այդ քայլից հետո Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ռազմական ուժն ավելացել է:
«Հասունացող հակամարտությունը Կովկասում կարեւոր է Ռուսաստանի և Թուրքիայի համար. կան հատվող խողովակաշարեր, որոնցով նավթն ու բնական գազը հասնում են Արևմուտք»,-ասվում է հոդվածում: Դիտարկելով էսկալացիայի հավանականությունը՝ հոդվածի հեղինակները կանխատեսում են, որ Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական գործողությունների բռնկումն անխուսափելի է և այն անհապաղ կներգրավի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, որն Ադրբեջանի հետ փոխադարձ օգնության մասին պայմանագիր ունի: Հոդվածում ընդգծվում է, որ Թուրքիան երկար ժամանակ է՝ ինչ Ադրբեջանի գլխավոր ռազմական հովանավորն է, իսկ 2020 թվականի պատերազմում բացահայտ աջակցել է Ադրբեջանին, Արցախի դեմ զենք տրամադրել:
Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառին՝ հոդվածի հեղինակները հիշեցրել են, որ Իրանը վախենում է, որ երկրում բնակվող էթնիկ ադրբեջանցիների շրջանում անջատողական տրամադրություններ կառաջանան:
«Ադրբեջանական իշխանությունները Իրանին մեղադրում են իրենց ազգային փոքրամասնությունների իրավունքները սահմանափակելու մեջ: Բացի այդ, Ադրբեջանի պաշտոնյաներն Իրանին ԼՂ հակամարտության շրջանակներում Հայաստանին աջակցելու մեջ են մեղադրել։ Վերջին 30 տարիների ընթացքում լարվածությունը ժամանակ առ ժամանակ բռնկվել է Իսրայելի հետ Ադրբեջանի բարեկամական հարաբերությունների և արևմտյան ընկերությունների, այդ թվում՝ British Petroleum-ի հետ էներգետիկ նախագծերի պատճառով»,-ասվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակները հիշեցրել են, որ 2020 թվականին Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Բաքուն իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ իր սահմանի երկայնքով գտնվող շրջանները, ինչպես նաև Իրանը Հայաստանին կապող գլխավոր մայրուղու մի մասը՝ «կարևորագույն առևտրային ճանապարհը՝ դեպի Սև ծով և Ռուսաստան»:
«Թեհրանին զայրացրել է այն, որ Ադրբեջանը բարձր հարկ է սահմանել իրանական բեռնատարների վրա, որոնք ապրանքներ են տեղափոխում Հայաստան, ինչը փաստացի կաթվածահար է արել երկկխողմ առևտուրը եւ սպառնալիքի տակ է դրել Իրանի մուտքը դեպի ավելի հեռավոր շուկաներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղ ապրանքների մատակարարումը դադարեցնելու պահանջներն անտեսելու մեջ»,-ասվում է հոդվածում։ Հստակեցվում է, որ Իրանն ու Հայաստանը քննարկում են Ադրբեջանը շրջանցող այլընտրանքային ճանապարհի կառուցման ծրագրերը։
Իրանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը, հոդվածի հեղինակների կարծիքով, կարող է վտանգել նաև տարածաշրջանային էներգետիկ նախագծերը։
Հիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության պահպանության ծառայության պետը, ևս երկու աշխատակից վիրավորվել է: Ադրբեջանը հունվարի 29-ին տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին։ Իրանի պաշտպանության նախարարությունը հունվարի 29-ին հաղորդել էր նաև Իրանի Կենտրոնական Սպահան նահանգում գտնվող պաշտպանական-արդյունաբերական համալիրի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին: Հայտարարության մեջ չի հստակեցվել, թե Թեհրանն ում է հարձակման հեղինակ համարում: Արևմտյան և մերձավորարևելյան ԶԼՄ-ներն իրենց հերթին հայտնել են այդ գործողությանը ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր մասնակցության մասին: