Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում. այսինքն՝ մեզ իրենց պատկերացումն ասել, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը և այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը որոշեց ընդունել ԵՄ առաքելությանը, իսկ ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվեց։
Մյուս կողմից, ըստ Փաշինյան, Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի ՀՀ քարտեզը։ «Իրենք գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու,քանի որ առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չէ, թե իրենք ինչ են դիտում»-նշեց վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանն իր քարոզով փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել Արևմուտքում, թե Հայաստանը փորձ է անում լինելու Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից։ «Աշխարհաքաղաքական ենթատեքստ այս ամենում չկա, կա կոնկրետ օրակարգ, հարց, որը մենք փորձում ենք լուծել»,-հայտարարեց Փաշինյանը։