«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի: Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությամբ 67 պատգամավոր իր համաձայնությունն է տվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին:
Քվեարկության արդյունքները հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ տեղեկացնելով, որ 107 պատգամավորներից քվերակությանը մասնակցել են 68-ը: Մեկ ձայն անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին։ Ըստ հաղորդագրության՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել: