Այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Մարդասիրական օգնություններով բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ճանապարհ են ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան, տեղեկացրել է Հունանյանը։
Նշենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է թուրքական կողմից 1993-ի ապրիլից: Ի համերաշխություն Ադրբեջանի՝ Թուրքիան շրջափակման ենթարկեց Հայաստանը այն բանից հետո, երբ հայկական ուժերը մտան Քարվաճառ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: