ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպանության բացումը, որը մեծ առաջընթացի հնարավորություն կտա հայ-կորեական հարաբերություններում, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։
Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական, գիտական, կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությունը:
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանին, մասնավորապես, Ազգային ժողովին ցուցաբերած աջակցությունը՝ ակնկալելով շարունակականություն:
Գործընկերները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին և դրա հետևանքներին վերաբերող հիմնախնդիրներ:
«Մենք գնահատում ենք Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ և հույս ունենք, որ Կորեան կշարունակի աջակցել միջազգային միջնորդների ջանքերին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է հասցեական քայլեր՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ապահովելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպումը: