Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Փաշինյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Կառավարությունը հայտնում է, որ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: