ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում փետրվարի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները:
«Է. Բլինքենն ի գիտություն է ընդունել խաղաղության համաձայանգրի շուրջ վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու կողմերի միջև ձեռք բերված զգալի առաջընթացը: Նա ի գիտություն է ընդունել նաև Բրյուսելում հանդիպում անցկացնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկը: Բանակցությունների ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ առևտրային ու մասնավոր տարանցման անհրաժեշտության մասին: Նա նաև կողմերին կոչ է արել բացել տրանսպորտային այլ երթուղիները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: