Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի Լաչինի միջանցքը բացելու համար՝ առնվազն կոչ-պահանջ հնչեցնել «էկոակտիվիստներին»։ Այս մասին կառավարության փետրվարի 23-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին կայացրած որոշմանը:
Վարչապետը ընդգծեց, դատարանն արձանագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար և շեշտել, որ որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում այդ երկրի համար:
«Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ՝ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ այն փաստին, որ դատարանը տեսնում է Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:
Ըստ վարչապետի՝ դատարանն դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին, այդ թվում՝ ԼՂ-ի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ բավարար ապացույցներ հավաքելու դեպքում Հայաստանը կարող է կրկին դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ Արցախում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների խնդրով: Դատարանը համարել էր, որ ՀՀ-ն բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ Հայաստանն անցյալ տարի հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:
Ադրբեջանն իր հերթին այս տարվա հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին: