ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ Armenia Today-ը զրուցել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ներքաղաքական խնդիրների, Արցախի և Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական զարգացումների մասին և ոչ միայն:
–Օրերս ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի շուրջ որոշումը և կոչ արեց Ադրբեջանին ապահովել մարդկանց ու մեքենաների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ինչպե՞ս եք սա գնահատում և ի՞նչ կարծիքի եք, այս հայտարարությունն ինչ–որ կերպ կազդի՞ Ադրբեջանի դիրքորոշման վրա։
-Դուք արդեն ասացիք՝ կոչ անել, բոլորը գիտեն, որ Ադրբեջանը կոչերին բացարձակապես զրոյական նշանակություն է տալիս, միշտ շարունակում է իր ռազմավարական գիծը, որը հետևյալն է.Ադրբեջանն ասում է Արցախն Ադրբեջանի անքակտելի մասն է, անօտարելի մասն է, այդ առումով ասում է ինչ շրջափակում, ես թույլ չեմ տալիս, որ օտար երկրից այդտեղ մարդիկ գան, կամ այդտեղի բնակիչները գնան օտար երկիր առանց իմ թույլտվության։ Եթե վերցնենք բուն իրավական կողմը, շատ լավ է, որ այն հայցը, որով դիմել է Հայաստանը, մեծ մասով բավարարվել է և հստակեցվել է, որ Ադրբեջանը իրավունք չունի փակել ճանապարհը, պետք է բացի փակված ճանապարհը: Իրենք շրջափակում խոսքը չեն ասում, դատարանը իր կոչով ասում է, որ պետք է բացեք: Իմ կարծիքով հայցը, որով դիմել է Հայաստանը, քողարկում է իրական խնդիրը, այն է՝ Ադրբեջանը չի ուզում ճանաչել Լենային Ղարաբաղի բնակիչներին որպես առանձին հանրապետության բնակիչներ։ Հայցը չի խոսում ԼՂՀ մասին։
Ես չեմ գտնում, որ այդ հայցով պետք է դիմեին կամ հենց Հաագայի դատարան։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կբացի կամ պարտավորված կզգա դա անել, պատահական չէ, որ լուրերով ասում են, որ ԱՄՆ պետք է անի ամեն ինչ, որ ի կատար ածվի որոշումը։ Ադրբեջանը ճանապարհը կբացի այն ժամանակ, երբ կմտածի, որ երբ այդ ճանապարհը բացվի ԼՂՀ ֊ից մի ստվար խումբ դուրս կգա Արցախից։ Նա դա կանի նրա համար, որ իր ռազմավարական գիծը իրականացնի, այն է՝ հայաթափի հնարավորինս փոքր արյան միջոցով, այսինքն նա չի գնա այն ճանապարհով, որ իրեն մեղադրեն արյուն թափելու մեջ։ Միակ ձևը ազդելու Ադրբեջանի վրա այն է, որ միջազգային հանրությունն անցնի հստակ պատժամիջոցների և դրանք պետք է լինեն ոչ թե Ադրբեջանի դեմ այլ կոնկրետ ալիևյան ընտանիքի դեմ։
Այնպես է, որ ալիևյան ընտանիքը միայն այս ճանապարհը փակելով չէ որ հայտնի է, ամբողջ աշխարհը գիտի փողերի լվացման գործի մասին։ Մինչև որևէ պատժամիջոց նյութական շոշափելի չլինի Ալիևի համար, չեմ կարծում, որ որևէ կոչով նրանք ղեկավարվելու են։ Առանձնահատուկ նշեմ նաև զինգերիների հարցը, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
Ինչ վերաբերվում է Հաագայի դատարանի որոշմանը, նորից ասեմ, ու իրենք իրենց մասով ամեն ինչ արել են, ճիշտ է մի փոքր աբսուրդային է հնչում, որ ասում են, թե բավարար ապացույցներ չկան, որ Ադրբեջանն է փակել գազի փականը, ինչ է Հայաստանի՞ կողմից է խաթարվում։
–Ինչպե՞ս եք գնահատում Ռուբեն Վարդանյանի ազատումը պետնախարարի պաշտոնից, և առհասարակ, նրա դերը Արցախի ժողովրդի իրավունքների հարցում։
֊Արցախի նախագահը փոփոխություններ է ուզում մտցնել, դրա հետ մեկտեղ Սահմանադրական փոփոխությունների մասին է խոսվում։ Սահմանադրական փոփոխությունները, ասեմ, բոլորովին պահանջված չեն, բոլոր հիմնավորումները իրավական չեն, տեղ չունեն, ԼՂՀ օրենսդրությունը շատ պարզ ասում է, որ դեպքում որ նախագահը չի կարող ինչ որ բան անել կամ հրաժարական է ներկայացվում, օրենքում հստակ ասվում է, ով է նրան փոխարինում: Սահմանադրական փոփոխությունների կարիք ես չեմ տեսնում Արցախում, կարծում եմ, որ այդ փոփոխություններով քաղաքական ուժի կամ ուժերի խնդիր է լուծվում։
Ինչ վերաբերում է փոփոխություններին, ես չեմ թաքցրել իմ դրական վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում հայտնվելուն։ Եթե նախագահը 2-3 ամիս առաջ նշանակում է անում, ինչքանով է սոլիդ այդքան արագ փոփոխություն անելը։ Այս ամենը շատ վտանգավոր է։ Տասնյակ տարիներ շարունակ հիմնվելով փաստերի վրա, մենք գտնում ենք որ ոչ միայն որ ԼՂՀ կայացել է օրինական, լեգալ ձևով, այլև իր իշխանությունները և իշխանության փոփոխությունները տեղի են ունեցել լեգիտիմ ձևով։ Դա կաևորագույն փաստարկ է, այլ խնդիր է, որ այդ ուժեղ փաստարկը չի օգտագործվել շատ դեպքերում դա ուժեղ փաստարկ է, որ Արցախում լեգիտիմ իշխանություն կա։
Ռուբեն Վարդանյանի հեռացումը հարված է Արցախում օրվա իշխանություններին և այս արագ փոփոխությունները բացական պրակտիկա է դիտարկվում աշխարհում այն էլ Ալիևի պահանջով։ Եվ եթե երկու կողմն էլ՝ նախագահական և պետնխարարաի թևի, կարծում են, որ ինչ անում են հանուն Արցախի են անում, պետք է նստեն միասին և բանակցեն։
–Լաչինի միջանցքը շուրջ երեք ամիս փակ է։ ՀՀ իշխանությունների դիրքորոշման մեջ ի՞նչ սխալներ եք տեսնում, ի՞նչ պետք է աներ կառավարությունը նման մարտահրավերներին ի պատասխան, որոնք են նրա բացթողումները:
-Մենք տարիներ շարունակ ունեինք հնարավորություն այնպիսի ջրամատակարարման, գազամատակարարման, էնէրգամատակարարման այնպիսի կառույցներ ստեղծելու, որ կախված չլիներ Ադրբեջանից և որ վերջինս հնարավորություն չունենար փական դնելու։ Դա պետք է արվեր, դա վերաբերվում է բոլորին, մանավանդ՝ այս իշխանությանը: Ռազմավարական կոպիտ սխալ եմ համարում Արցախի Հանրապետության չճանաչումը Հայաստանի կողմից։ Դեռ 1992 թվականին Սուրեն Զոլյանը հանդես եկավ կոչով՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, դա ճիշտ ժամանակն էր, բայց չարվեց դա։ Հետո արդեն 2016 թվականին քառօրյա պատերազմից հետո նույնպես առաջարկ եղավ, որ ճանաչեն։ Դեռ իմ պատգամավորական տարիներին մեր խմբակցությունը նույնպես առաջարկեց ճանաչել Արցախը; Հիմա 2020 թվականից հետո ի՞նչը խանգարեց, որ ճանաչեն Արցախի Հարապետությունը։ Այն որ տարածքները օկուպացված են, այն որ խոսում են միայն ԼՂԻՄ-ի մասին, դա հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ, խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին 2016 թվականի ընդունված Սահմանադրությամբ։
–Տիկին Ալավերդյան, ի՞նչ տարածքներով պետք է ճանաչեին Արցախի Հանրապետությունը։
-Ասեմ Ձեզ, տարածքները և ճանաչումը իրար հետ կապ չունեն: Դա մոլորություն է, այդ նույն հարցն են տվել 1992 թվականին, 94֊ին, ճանաչումը քաղաքական մի քայլ է, որով դու ճանաչում ես այդ իշխանություներին, այդ պետությունը ինչպես որ կա, սահմանները չէ, այլ որ այն տարածում է իր իշխանությունը հայտնի տարածքների վրա և իր իշխանությունը տարածում է բավականին հստակ բնակչության վրա, դրանք շատ կարևոր են և դու հաստատում ես դիվանգիտական հարաբերություններ այդ պետության հետ, ճանաչումը դա է։ Ճանաչումը, դիվանագիտական հարաբերությունն այդպես խիստ կապված չեն սահմանների հետ։
Այսօր երկու խնդիր ունենք, նախևառաջ ճանաչենք, որ Արցախի Հանրապետությունը կայացել է օրինական ձևով, եվ երկրորդ՝ նրա իշխանությունները միշտ ընտրվել են լեգիտիմ։ Չճանաչելը ես համարում եմ կոպիտ ռազմավարական սխալ։ ՀՀ իշխանություններն այնպիսի հայտատարությամբ են հանդես գալիս, որ Արցախում ապրող հայերին դարձնում են Ադրբեջանի Հանրապետության էթնիկ փոքրամասնություն, դա հանցագործության չափ մի քայլ է։ Պահանջում եմ, որ այս իշխանություններն անհապաղ ճանաչեն Արցախի Հանրապետությունը։
-Ադրբեջանը մտադիր է ադրբեջանցիների Հայաստան վերադարձի ծրագիր իրականացնել։ Այս նախաձեռնությամբ, ակնհայտորեն իշխանությունների առաջարկով, հանդես եկավ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Ադրբեջանը նաեւ հայտարարել է, որ այդ նպատակով իրենք Հայաստանում բնակվող ադրբեջանցիների մարդահամար են անցկացնում։ Հայկական կողմը Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի շուրթերով ի պատասխան հայտարարեց, որ այս դեպքում բարձրացնելու է Բաքու, Սումգայիթ և Շահումյանի շրջան հայերի վերադարձի հարցը։ Որքանո՞վ է սա իրատեսական և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
-Ինչ է նշանակում մարդահամար Ադրբեջանի կողմից։ Այն ինչ անելու է Ադրբեջանը ոչ մի աղերս չունի միջազգային իրավունքի հետ։ Հայաստանը լքած ադրբեջացիների 85-90 տոկոսը փոխանակել է իր բնակարանները սովետական ժամանակ։ Այն ժամանակ չի եղել ՀՀ քաղաքացի, Ադրբեջանի քաղաքացի, ու փոխանակել են շատ անգամ մի բնակարանը մի երկու երեք հայերի հետ, այսինքն որպես այդպիսին Հայասանը լքած ադրբեջանցիների վերադարձը նշանակում է վերականգնում ենք Սովետական միությունը և նորից սկսում ենք այդ պատմությունը, չկա՛ այդպիսի բան։ Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի հանդեպ շատ պարզ երևում են իրենց քարտեզի վրա, ոտեղ Սևանն էլ է իրենցը, իրենք դրան են ձգտում։ Ադրբեջանի ռազմավարական խնդիրը պետք է բացվի, պետք է պարզ լեզվով ասվի և այդ նկրտումները բնութագրվեն որպես ուժի կիրառման վտանգ կամ սպառնալիք, որով հանդես են գալիս այսօր ադրբեջանցիները:
Չկա այդպիս բան, ինչպիսին է Արևմտյան Ադրբեջան, դա հնարածին բան է, դա նոր գլոբուս է։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, կներեք այդ ո՞ւմ եք հանելու, կես միլիոն հայեր բռնի տեղահանվել են Սովետական Ադրբեջանից, իրենցից գրեթե 120 հազարը տեղափոխվել են անծայրածիր Սովետական միություն, երբ որ արվել է հաշվառումը, 260 հազար փախստական հաշվառվել են պետական ձևով։ Տարիներ անց Հայաստանում մնացել են 240 հազար փախստական, հետո տարիներ անց այստեղ մնացել է 100 հազարից մի քիչ շատ թվով փախստական, դուք իրե՞նց եք հաշվառում։ Ադրբեջանը հայրենազրկել է այս մարդկանց։
Հիմա փոխարենը մենք այդ հանցագործության հարցը դնենք, և համարժեք պատասխան տրվի, որ դա ուղղակի տարածքային նկրտումներ են ՀՀ հանդեպ, մենք անօգնական անգրագետ պատասխան ենք տալիս։ Կան մարդիկ, ովքեր այդ հարցերով զբաղվել են, կան տվյալներ, կան այդ բոլոր հաշվառումները, թող դիմեն իրենց, հասկանան։ Բայց ոչ, այս իշխանությունները եկել են ծրագրով, քայլ առ քայլ անշեղորեն նրանք կատարում են այն։ Ծրագիրը հետևյալն է՝ Արցախը ամբողջովին բռնակցել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Թուրքիայի բուֆեր Ադրբեջանի բուֆեր պետություն։ Եվ դա իրենք անում են։ Օրվա իշխանություններն իրենց գործողություններով սպասարկում են թուրք֊ադրբեջանական ցեղասպան պետությանը։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի սահմանին ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայումը: Որքանո՞վ է «քաղաքացիական» այն: Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ առաքելության տեղակայումը Հայաստանում նպատակ ունի հող ստեղծել ապագայում տարածաշրջանում ՆԱՏՕ–ի ներկայությունն ապահովելու համար։ Կիսո՞ւմ եք այս կարծիքը։
-Տպավորություն չստեղծվի, որ ԵՄ առաքելությունն առաջինն է աշխարհում։ Տարիներ շարունակ տարբեր առաքելություններ, ՄԱԿ և այլն, ունեցել են դիտորտական, խաղաղապահ առաքելություններ, արդյունքները շատ տարբեր են, շատ անգամ ցավագին։ Այդ միամիտ հիացմունքը, որ ահա 100 հոգի գալու են և մեզ փրկեն, դա ամոթալի է, դա հասուն տարիքի մարդկանց համար հարիր չէ, դա քաղաքական անմեղսունակության մասին է խոսում: Այո առաքելությունը կարող է դիտարկել, դրանք ներկայացնել, մեզ անհայտ է թե ինչ կառուցվածք ունեն, դա չի քնանրկվել ԱԺ-ում, անգամ ՔՊ-ի խմբակցությունում չի քննարկվել երևի, դրանք այնպիսի գործողություններ են, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Օրվա իշխանությունները փորձում են մրցակցային դաշտ ստեղծել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, դա շատ վտանգավոր ճանապարհ է և կարող է բերել ծանր հետևանքերի։
-Դուք հաճախ եք խոսում արցախյան նոր շարժում սկսելու անհրաժեշտության մասին։ Այս շարժումը ծնվելու է Հայաստանո՞ւմ, թե՞ Արցախում։ Տեսնո՞ւմ եք, որ քաղաքական ուժերը կարող են գեներացնել այս գործընթացը, և կա՞ն դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ՝ հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, այն, որ մեր հասարակությունը կարծես թե լեթարգիական երազում լինի։
-2020 թվականից է այդ գաղափարը շրջանառության մեջ դրվել, ես էլ իմ հաեստ լուման ունեմ դրանում, ես էլ եմ համարում, որ Ղարաբաղյան շարժմանը պետք փոխարինի Արցախյան շարժումը։ Հմուտ քաղաքագետների շրջանակի հետ քննարկվել են այս հարցերը։ Կան տարբեր մոտեցումներ, պետք է լինի հայության շարժում համադրությամբ։ Այն տեխնիկական հնարավորությունները, որոնք մենք ունենք, ոչ թե պահանջում է, այլ պարզապես հնարավորություն է տալիս, որ ամոթ է չօգտագործել և միաժամանակ չստեղծել այնպիսի կենտրոններ, կոմիտեներ, որոնք միավորվեն և դառնան համահայկական շարժում։ Արցախյան հարցը համայն հայության խնդիրն է։ Պետք է ստեղծվեն այդպիսի օջախներ և Սփյուռքը մեծ դերակատորւմ ունի։ Ամեն մեկը իր պետության կարկառուն դեմքերի և լուրջ ուժերի հետ շատ բան կարող են անել։ Ճիշտ ժամանակն է, որ դուրս գանք այս անկումից, այդ եռամիասնությունը պետք է նորից լինի։
-Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ֊-ն ՄԻՊ չունի, ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր թևից թեկնածուներ չեն առաջադրվում, որն է պատճառը, կուզեինք որպես առաջին ՄԻՊ լսել Ձեր կարծիքը։
-ՄԻՊ պաշտոնը և հաստատությունը դարձրել են քաղաքական ինտրիգների մի օջախ, ես ուղղակի դատապարտում եմ այսպսի ոտնձգությունները ամենակայացած հաստատություններից մեկի հանդեպ։ Արման Թաթոյանի 6 տարվա գործունեությունը բարձրացրել է այդ ինստիտուտի արժեքը ոչ միայն ՀՀ֊ում, այլև համաշխարհային մակարդակում, շատերը չգիտեն ՀՀ֊ն որտեղ է, բայց ՀՀ ՄԻՊ պաշտպանի տեղը գիտեին։ Սահմանադրության այն կետը, որով ասվում է, որ ամեն մի քաղաքացի իրավունք ունի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, անգամ այդ կետն է այսօր խախտված։ Հայաստանում կան շատ արժանավոր մարդիկ, որնոք կարող են իրականացնել այդ առաքելությունը և կարող են դա անել պատվով, դա չի արում։ Պետք է ասեմ, որ ինչ֊որ ձևով և ուրախանալի է, այսինք չի գտնվում մեկը, որը կուզենա դառնալ խաղալիք օրվա իշխանությունների ձեռքին։ Չեն կարողանում գտնել մեկին, որը տեսնելով, թե ինչպես են իրենք վարվել երիտասարդ քաղաքական գործչի հետ, կուզենային իրենք այդ պաշտոնին լինել։ Հուսամ կգտնվի մեկը, որը կկարողանա խաղալիք չդառնալ և կընտրվի այդ պաշտոնին։ Հորդորում եմ ընդդիմությանը նույպես թեկնածու առաջադրել։
-Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը հումանիտար օգնություն և փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա, տարբեր կարծիքներ հնչեցին՝ թե՛ բացասական, թե՛ դրական, Դուք ինչպես կգնահատեք այս քայլը:
-Բարեկամական հարաբերություններ ստեղծելը մեծ արվեստ է, եթե երկու մարդ ուզում են ցույց տալ, որ բարեկամ են, անպայման չէ, որ գրկվեն ու համբուրվեն, հիմա դրա հետ եմ համեմատում, դա մարդասիրական օգնություն է և այստեղ խնդիր չկա։ Սակայն այս այցելությունները, այդ զարմանալի հայտարարությունները, որ դրան ի պատասխան Թուրքիան կարող է ինչ որ բան անել, բայց կներեք դա առևտուր է քաղաքական. կա՛մ դու մարդասիրական օգնություն ես ցուցաբերում, կա՛մ դու վաճառում ես քո մարդասիրական օգնությունը և սպասում ես, որ քաղաքական լավ հարաբերություններ կստեղծես։ Օգնությունը գովելի և տեղին էր, բայց այն, թե ինչպես է դա ներկայացվում և ինչ են ակնկալում, դա արդեն մեր ազգային արժանապատվությանն ուժեղ հարված է։
Լիաննա Խաչատրյան